Հայաստանում աճեցվող հիմնական հացահատիկային մշակաբույսերն են ցորենը և գարին: Ոչ մեծ քանակով աճեցվում են նաև եգիպտացորեն, հաճար և վարսակ: Հացահատիկով զբաղեցված ընդհանուր հողատարածքում տիրապետող բաժինը (55-65%) պատկանում է ցորենին, իսկ գարու տեսակարար կշիռը միջին հաշվով 35-45% է: Հատիկի համար արտադրվող եգիպտացորենը, հաճարը և վարսակը միասին զբաղեցնում են հացահատիկային ընդհանուր ցանքատարածքի միայն 4-6%-ը:
Ցորենը համարվում է Հայաստանի ամենակարևոր մշակաբույսը: Սննդի ինքնաբավության տեսանկյունից այն նաև ռազմավարական նշանակության մշակաբույս է: Թեև, ինչպես նշվեց, հացահատիկի ընդհանուր ցանքատարածքի 55-65%-ը զբաղեցված է ցորենով, այնուհանդերձ ցորենի ներքին պահանջարկը չի բավարարվում. համախառն պահանջարկի` միջին հաշվով 55-70%-ը բավարարվում է ներմուծված ցորենով:
Ներկայումս ցորենի գծով ինքնաբավությունը խիստ կարևորվում է Հայաստանում: Չնայած ֆերմերների և կառավարության ջանքերին` հացահատիկային հիմնական մշակաբույսերի բերքատվության մեջ դեռևս էական բարելավում չի նկատվում: Այդ մշակաբույսերը մեծապես կախված են եղանակային պայմաններից և անբարենպաստ պայմանների հետևանքով մեծապես տուժում են: Օրինակ, նույն կարկուտը հացահատիկի դաշտերին ավելի մեծ վնաս է հասցնում, քան` մրգատու այգիներին և բանջարեղենի ցանքատարածություններին: Եղանակային պայմանների անբարենպաստ ազդեցության հետևանքով հեկտարի հաշվարկով բերքատվության ցուցանիշը նվազում է, և գյուղացին, ստանալով ավելի քիչ բերք, ի վերջո ավելի մեծ կորուստներ է ունենում, քան` եկամուտ:
Հացահատիկ արտադրող հայ ֆերմերների մեծ մասը հիմնականում արտադրում է սեփական սպառման նպատակով: Հետևաբար, նրանք շահագրգռված չեն կենտրոնանալու արտադրանքի որակի վրա: Մյուս կողմից, պատշաճ որակի արտադրանք տալու համար վերամշակողին անհրաժեշտ է որակյալ հատիկ: Ցորեն վերամշակողները պնդում են, որ ավելի շահութաբեր է ցորենը ներմուծել արտերկրից, քան թե հույսը դնել տեղականի վրա: Ցորեն ներմուծելով, թե տեղական ցորեն գնելով` նրանք գրեթե նույն ծախսերն են անում, բայց ներմուծվածի առավելությունը բարձր որակն է: Այդ իսկ պատճառով ցորեն վերամշակողները, ինչպես օրինակ` Մանանա Գրեյնը կամ Մանչո Գրուփը, օգտագործում են միայն 2-3% տեղական ցորեն, որպեսզի չվնասեն արտադրվող ալյուրի որակը:

Պլատֆորմի Հացահատիկ ենթահաձնաժողովի նպատակն է մշակել կայուն գյուղատնտեսության այնպիսի սկզբունքներ և գործելակերպեր, որոնք թույլ կտան կազմակերպել հացահատիկի արդյունավետ և մրցունակ արտադրություն` միաժամանակ պահպանելով և բարելավելով շրջակա միջավայրը և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական պայմանները:
Ենթահանձնաժողովը, պարենամթերքի շղթայի շահագրգիռ կողմերի, հետազոտողների և ակադեմիական շրջանների հետ սերտ համագործակցությամբ կաջակցի ֆերմերներին հացահատիկի կայուն արտադրության լավագույն փորձերը Հայաստանում կիրառելու համար:
Աղբյուրներ`
1. «Պարենային ապահովություն և աղքատություն, 2010թ. հունվար-հունիս», Հայաստանի ազգային վիճակագրական ծառայություն, 21 օգոստոսի, 2010թ., առցանց տարբերակն առկա է www.armstat.am կայքում
2. «2009թ. գյուղատնտեսական մշակաբույսերի տակ դրված հողատարածքները և համախառն բերքը», Հայաստանի ազգային վիճակագրական ծառայություն, 12 մարտի, 2010թ., առցանց տարբերակն առկա է www.armstat.am կայքում
3. Ս. Ավետիսյան, «Հայաստանի գյուղատնտեսությունը և ագրովերամշակումը», Լիմուշ հրատարակչություն, Երևան 2010, էջ 24-38




