Հայաստանի ալպյան գոտու կլիմայական պայմանները նպաստավոր են անասնաբուծության համար, ընդ որում առավել զարգացած ճյուղը տավարաբուծությունն է: Երկրում բուծվող տավարի գլխաքանակի 98%-ը կազմում է Կովկասյան գորշ ցեղը, որն ապահովում է 1975 կգ տարեկան միջին կաթնատվություն: Սա կաթնամսատու ցեղ է, որը գերազանց կերպով հարմարված է տեղի կլիմայական պայմաններին և լիարժեք կերպով օգտագործում է լեռնային արոտները: Սակայն նույնիսկ պատշաճ կերակրման և խնամքի լավագույն պայմանների դեպքում Կովկասյան գորշը տարեկան կարող է տալ ոչ ավելի քան միջին հաշվով 4000-4500 կգ կաթ, քանի որ տոհմային աշխատանքի և արհեստական սերմնավորման բացակայությունը հանգեցրել է կենդանիների բարձրմթերատու հատկությունների կորուստին: Կովկասյան գորշի զտացեղ կենդանիների քանակը նախրում չի գերազանցում 36%-ը, ընդ որում զտացեղ կենդանիները բուծվում են միայն մի քանի մեծ տնտեսություններում (Մուլտի ագրո, Ագրոսերվիս):
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը, Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը տավարաբուծության ճյուղում իր ռազմավարությունը կառուցել է երկու հիմնական առանցքների վրա` Կովկասյան գորշ ցեղի գենետիկ հատկանիշների բարելավում և Հայաստանի պայմաններին հարմարվող բարձրմթերատու ցեղերի ներկրում: «Հայաստանի Հանրապետության 2007-2015թթ. տավարաբուծության ծրագիրը» նպատակ է հետապնդում մինչև 2015թ. ներկրել առնվազն 1000 գլուխ սիմենթալ, հոլշտեյն և շվից ցեղերի երինջներ: Այս ուղղությամբ արդեն արձանագրվել են դրական արդյունքներ` ներկրված առաջնածին կովերի մի մասը օրական տալիս է 35-45 կգ կաթ:

Կաթի գծով ինքնաբավության մակարդակը Հայաստանում կազմում է 98.1-98.5%: 2009թ. արտադրվել է մոտ 653 հազար տոննա կաթ (2005թ. համեմատությամբ` գրեթե 9% աճ): Ավելին, 2009թ. արտադրվել է 17459 տոննա պանիր և 2852,9 տոննա պաղպաղակ:
Մթերքների լայն տեսականու և վերամշակող ձեռնարկությունների մեծ թվի շնորհիվ հիմնական կաթնամթերքների գծով որևէ ընկերություն շուկայում գերակա դիրք չի գրավում: Անկախությունից ի վեր այդ տնտեսությունների մեծ մասը քայքայվել է, իսկ ներկայումս կաթնամթերքի հիմնական մասն արտադրում են փոքր` միջին հաշվով 1-2 կթու կով ունեցող մասնավոր տնտեսությունները: Այս շղթան մեծ ազդեցություն է կրում տնտեսական և ֆինանսական ճգնաժամից:
Պլատֆորմի Կաթնամթերք ենթահաձնաժողովի նպատակն է աջակցել կայուն կաթնատու անասնաբուծության սկզբունքների և գործելակերպերի տարածմանը Հայաստանում: Ֆերմերային տնտեսություններում առկա տնտեսության վարման համակարգը պետք է թույլ տա հավաստիանալու, որ տվյալ տնտեսությունում տնտեսական, սոցիալական և բնապահպանական կայուն պայմաններում, արտադրվում է բարձրորակ կաթ` առողջ տավարից:
Աղբյուրներ`
1. «Պարենային ապահովություն և աղքատություն, 2010թ. հունվար-հունիս», Հայաստանի ազգային վիճակագրական ծառայություն, 21 օգոստոսի, 2010թ., առցանց տարբերակն առկա է www.armstat.am կայքում
2. «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ 2009թ. հունվար-դեկտեմբերին», Հայաստանի ազգային վրճակագրական ծառայություն, 1 փետրվարի 2010թ., առցանց տարբերակն առկա է www.armstat.am կայքում
3. Ս. Ավետիսյան, «Հայաստանի գյուղատնտեսությունը և ագրովերամշակումը», Լիմուշ հրատարակչություն, Երևան 2010, էջ 54-58




